© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
FINTECH360 միջազգային համաժողովը կկայանա նոյեմբերին՝ Երևանում
09.09.2022 2022 թվականի նոյեմբերի 2-5-ը Երևանում կանցկացվի FINTECH 360 միջազգային համաժողովը, որտեղ տարբեր երկրներից փորձագետներ կքննարկեն նորարարական տեխնոլոգիաները և ֆինանսական հատվածի թվային վերափոխման արդիական հարցերը։ Միջոցառումը մեկ հարթակի վրա կմիավորի առաջատար բանկերի և ֆինանսական հաստատությունների, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերությունների, մասնագիտացված ասոցիացիաների, ստարտափների և վերահսկող կազմակերպությունների ղեկավարներին:Համաժողովը կանցկացվի «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:
FINTECH360-ում կքննարկվեն մոբայլ ծառայությունների և անհպում վճարումների, մարքեթփլեյսների և բանկային էկոհամակարգերի, թվային արժույթների, միջբանկային վճարումների, կրիպտոարժույթների հաշվարկների, նեոբանկերի, Open Banking-ի և կանաչ ֆինտեխի զարգացման հետ կապված հարցեր: Փորձագետները կկիսվեն համապատասխանության ռիսկերի կառավարման, անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության բարձրացման, արհեստական բանականության և Big Data-ի ներդրման ոլորտում իրենց փորձով:
«Ֆինտեխը չափազանց ինտենսիվ է զարգանում, ուստի մեզ համար կարևոր է տեղեկացված լինել հիմնական միտումներին և արդյունավետ աշխատել արագ փոփոխվող միջավայրում: Ֆինանսական ծառայությունների սպառողներին առաջարկելով նորարարական լուծումներ՝ մենք բարելավում ենք ոչ միայն բանկային սպասարկման մակարդակը, այլև մարդկանց կյանքի որակը։ Այդ իսկ պատճառով մենք այդքան շահագրգռված ենք FINTECH360 համաժողովով, որն ավանդաբար համախմբում է փորձագետների և գործարար համայնքի ներկայացուցիչների լայն շրջանակ՝ թույլ տալով թարմացնել նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների մասին գիտելիքները, փոխանակել փորձը և ձեռքբերել օգտակար շփումներ բիզնես միջավայրում: Ուրախ ենք հրավիրել մեր գործընկերներին մասնակցելու Երևանում կայանալիք համաժողովին. այն կլինի տեղեկատվական և օգտակար»,- մեկնաբանում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Համաշխարհային վիճակագրությունը հստակ ցույց է տալիս ֆինանսական տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը։ Ըստ KPMG-ի, եթե 2020 թվականին 121,5 միլիարդ դոլար է ներդրվել ֆինտեխ ստարտափներում, ապա 2021 թվականին ներդրողներն ընդհանուր առմամբ 210 միլիարդ դոլար են ներդրել ֆինտեխի մշակման ոլորտում:
Ըստ Ernst & Young-ի, ֆինտեխ ծառայությունների ներթափանցման մակարդակը 2015-ի 16%-ից աճել է մինչև 64% 2019-ին: Սպառողների 96%-ը տեղյակ է առնվազն մեկ ֆինտեխ ծառայության մասին, որը թույլ է տալիս գումար փոխանցել և վճարումներ կատարել:
«Մենք ուրախ ենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված FINTECH360 համաժողովն այս տարի կանցկացվի Երևանում։ Աշխարհը փոխվել է. հեռավար աշխատանքի ձևաչափն ազդել է սպառողների, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների վարքագծի վրա, լայն տարածում են գտել վճարումների անշփում ձևերը, մոբայլ հավելվածների շնորհիվ դրամական փոխանցումներն ավելի արագ և հարմարավետ են դարձել։ Մենք ներդրում ենք ֆինտեխը բոլոր մակարդակներում և մեր աշխատակիցների և գործընկերների հետ քննարկելու համար կուտակել ենք բազմաթիվ թեմաներ։ Համեցեք, հետաքրքիր կլինի»,- հրավիրում է Յունիստրիմի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը։
Համաժողովը կանցկացվի Երևանի կենտրոնում գտնվող Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում։ Հարուստ բիզնես ծրագիրը, ներառյալ՝ պանելային քննարկումները և թեմատիկ կլոր սեղանները, կլրացվեն հիշարժան մշակութային միջոցառումներով և հետաքրքիր էքսկուրսիաներով: Մասնակիցները կայցելեն Խոր Վիրապի վանք, Գառնի և Գեղարդ:
Համաժողովի և գրանցման մանրամասները՝ fintech360.io կայքում: