Հունիսի 1-ին կկայանա «Յունիբանկ» ԲԲԸ-ի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի շահույթը կազմել է 358 մլն դրամ

29.05.2016

2016թ.-ի հունիսի 1-ին կկայանա «Յունիբանկ» ԲԲԸ-ի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում կամփոփվեն բանկի գործունեության 2015թ.-ի արդյունքները և կնախանշվեն զարգացման հեռանկարները:

Ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ և ծավալների զգալի աճ, Յունիբանկը 2015թ.-ին որոշում կայացրեց ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով առավելագույնս թափանցիկ և հանրային բանկ: Այսօր «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին բանկն է Հայաստանում, որը նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում և ցուցակեց դրանք բորսայի B հարթակում: Բանկի բաժնետոմսերի ազատ շրջանառվող նվազագույնը մասը կազմում է 10%:

IPO-ի արդյունքում բանկի բաժնետերերի թիվը կազմեց 186: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

2015 թվականի վերջին Յունիբանկի ակտիվները կազմել են մոտ 158 մլրդ դրամ, պարտավորությունները` 135 մլրդ դրամ, բանկի կապիտալը` 22.7 մլրդ դրամ: Բանկն ապահովել է 358 մլն դրամի շահույթ և շարունակել ցուցադրել աճի դրական դինամիկա: Վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման արդյունքում, բանկի ընդհանուր պորտֆելում մանրածախ վարկերի մասնաբաժինը կազմում է 52%, ՓՄՁ-ներինը` 28%, իսկ կորպորատիվ վարկերինը` 20%:

Բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 110 մլրդ դրամը, ժամկետային ավանդները կազմել են 91 մլրդ դրամ, իսկ ցպահանջ պարտավորությունները` 12 մլրդ դրամ: Բանկի ակտիվ քարտերի քանակը կազմել է ավելի քան 185 000, սպասարկման կետերում շրջանառության ծավալը` 73 մլրդ դրամ: 2015թ.-ին բանկն իրականացրել է ավելի քան 309 000 դրամական փոխանցում:

2015թ.-ին Յունիբանկը շեշտակի ընդլայնել է նաև միջազգային համագործակցությունը և վարկային ծրագրերի շրջանակներում ակտիվորեն աշխատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB), Եվրոպական ներդրումային բանկի հետ: Բանկի վարկային ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև մասնավոր եվրոպական ֆոնդերը:

Հաշվի առնելով ներդրողների զգալի հետաքրքրությունը բաժնետոմսերի և պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների, այս տարվա մայիսին Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի նոր թողարկման մասին, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը և բանկի գործունեության ու արդյունքների մասին ժամանակին և լիարժեք տեղեկատվության տրամադրմանը: 2015 թվականին «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկը» ճանաչվեց լավագույնը Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

2016-2020թթ. զարգացման ռազմավարության համաձայն, Յունիբանկի ավանդների գծով շուկայական մասնաբաժինը նախատեսվում է մեծացնել մինչև 9%, մանրածախ բիզնեսի գծով` 13%, իսկ ՓՄՁ-ների գծով` 9.5%: Հաճախորդների թիվը 2020թ.-ին կկազմի մինչև 430 000, իսկ կապիտալի մեծությունը՝ 42 մլրդ դրամ: Արդյունքում 2020թ.-ին բանկն ակնկալում է 5 մլրդ դրամի շահույթ:

Այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Սպառողական վարկավորման գծով բանկը համագործակցում է մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ:

Բանկն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև հովանավորչական, բարեգործական և սոցիալական մի շարք ծրագրերում, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը:

Յունիբանկը կշարունակի իր ֆինանսական քաղաքականությունը կառուցել ելնելով հաճախորդների և բաժնետերերի շահերից` հետագայում ևս մնալով Հայաստանի ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը և ներդրողների համար ապահովելով հնարավոր առավելագույն շահույթը:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ