Յունիբանկը 10 միլիոն դոլարի վարկային միջոց է ուղղել կանանց ձեռնարկատիրության աջակցմանը

01.05.2019 «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում Յունիբանկը մեկ տարվա ընթացքում 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել: Ծրագիրն իրականացվում է FMO Նիդեռլանդական զարգացման բանկի հետ համատեղ, և նպատակ ունի զարգացնել կանանց ձեռներեցությունը և ստեղծել նոր աշխատատեղեր Հայաստանում:

Վարկավորման շահավետ պայմաններից կարող են օգտվել տարբեր ոլորտների ձեռնարկությունների կին ղեկավարներ, այդ թվում` արտադրության, առևտրի, բժշկության, տուրիզմի: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով, 60 ամիս ժամկետով և 10,5% տարեկան տոկոսադրույքով:

«Մենք ուրախ ենք օգնել կին ձեռներեցներին ընդլայնելու և զարգացնելու իրենց բիզնեսը: Վարկը տրամադրվում են ներդրումների, շրջանառու միջոցների կամ գործող վարկերի վերաֆինանսավորման համար: Հաճախորդին անհատական մոտեցումը թույլ է տալիս ճիշտ գնահատել բիզնեսի կարիքները և կառուցել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ ՓՄՁ-ներիի հետ»,- past.am-ի հետ զրույցում ընդգծեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Վերջին ժամակաշրջանում Հայաստանում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում կանանց ձեռներեցությանը:Ապրիլի վերջում Երևանում անցկացվեց Կին ձեռնարկատերերի համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովը: Իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կանանց «չվախենալ հեծանիվ ստեղծելու և հեծանիվ հորինելու համարձակությունից»: «Ես հույս ունեմ, որ այն հնարավորությունները, որ մենք այսօր ստեղծում ենք աղքատության հաղթահարման համար, մենք ստեղծում ենք գործարարության, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, միկրոբիզնեսի զարգացման համար: Ես հույս ունեմ, որ կանայք նախաձեռնությունը կվերցնեն և այստեղ էլ տնտեսական հեղափոխության գործում կունենան շրջադարձային նշանակություն: Սա չափազանց կարևոր խնդիր» , - նշեց վարչապետը:

Յունիբանկն ակտիվ խրախուսում է կանանց ձեռներեցության զարգացումը և, հաշվի առնելով «Կանայք բիզնեսում» ծրագրի բարձր արդյունավետությունն ու արդիականությունը, նախատեսում է շարունակել FMO-ի հետ համագործակցությունը:

«Մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 անգամ ավելացել է Յունիբանկում սպասարկվող կին ձեռներեցների թիվը: Մենք առաջարկում ենք ոչ միայն բիզնեսի աճի համար անհրաժեշտ և հասանելի դրամական միջոցներ, այլ նաև մասնագիտական խորհրդատվություն բոլոր ֆինանսական հարցերում»,- ընդգծեց Դավիթ Պետրոսյանը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ