Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն անցկացվեց առցանց. մոտ 1.3 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթը կուղղվի բանկի հեռանկարային զարգացմանը

29.06.2020 Այսօր՝ հունիսի 29-ին, Zoom հավելվածի միջոցով կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին բանկի 2019թ.ի արդյունքները և ներկայացվեցին զարգացման հիմնական ուղղությունները:
 
2019 թ.-ին Յունիբանկն ապահովել է պլանային հիմնական ցուցանիշները`արձանագրելով զգալի հաջողություններ: Մասնավորապես բանկի  շահույթը կազմել է մոտ 1,3 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 42%-ով:
Հաշվետու տարում Յունիբանկի ակտիվներն աճել են 39.2 մլրդ դրամով և կազմել 249 մլրդ դրամ: Վարկային ներդրումները գերազանցել են  141.4 ՀՀ մլրդ դրամը: Պարտավորությունների ծավալը կազմել  է 215.2 մլրդ դրամ` աճելով 38 մլրդ դրամով:

Ավանդների պորտֆելը կազմել է 189.7 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 38.3 մլրդ դրամով: Թողարկված պարտատոմսերի պորտֆելն աճել է 947 մլն դրամով` հասնելով 9.5 մլրդ դրամի:
 
POS վարկերի քանակով  2019թ.-ի չորրորդ եռամսյակում Յունիբանկը Հայաստանի բանկային շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք: ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 71 մլրդ դրամ:
 
Յունիբանկի կողմից փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի քանակը մեկ տարում աճել է 24% -ով: ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 27 մլրդ դրամ:
 
2019թ.-ին Յունիբանկն ակտիվ գործունեություն է ծավալել նաև քարտերի գծով: Թողարկված Visa քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար Visa միջազգային վճարային համակարգի կողմից Յունիբանկն արժանացավ մրցանակի:  
 
Տարվա ընթացքում բանկն ընդլայնել է   նաև սպասարկման ցանցը` բացելով 5 նոր մասնաճյուղ Երևանում և մարզերում:
 
Նախորդ տարի Յունիբանկը նախաձեռնել և ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ  ներդրել է արհեստական բանականության տեխնոլոգիան` թարմացնելով անգրավ սպառողական վարկերի գծով վարկային սքորինգը:
2019թ.-ը բանկի համար տրանզակցիոն բիզնեսի զարգացման տարի էր: Հաճախորդների արտաքին տնտեսական գործունեության զարգացմանն օժանդակելու նպատակով, թղթակցային հարաբերություններ են հաստատվել արտասահմանյան մի շարք բանկերի, այդ թվում` Landesbank Baden-ի (Գերմանիա), Banca Popolare di Sondrio-ի (Իտալիա),Տրանսկապիտալբանկի (Ռուսաստան) հետ:

Սոցիալական պատասխանատվության շրջանակում Յունիբանկը շարունակել է սահմանամերձ դպրոցներին իր աջակցության ծրագիրը՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը:
 
Ժողովում ամփոփելով իր խոսքը ,Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ այժմ բանկը շարունակում է իր բնականոն աշխատանքը և սպասարկում է հաճախորդներին Պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոններին համապատասխան: Նա նշեց, որ Յունիբանկի մասնաճյուղերում հերթերից և կուտակումներից խուսափելու համար կազմակերպված  սպասարկման ձևն անգամ համարվել է օրինակելի` քանի որ այն ապահովել է ոչ միայն հաճախորդների անվտանգությունը, այլ նաև` հարմարավետությունը:  
 
Միաժամանակ Մեսրոպ Հակոբյանը մեկ անգամ ևս հորդորեց հաճախորդներին սպասարկվել առցանց տարբերակներով`օգտվելով բանկի մոբայլ հավելվածից: Այն հնարավորություն է տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու:

Հաշվի առնելով Յունիբանկի 2019թ. ֆինանսական գործունեության արդյունքները, ժողովում որոշում կայացվեց սովորական անվանական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժիններ չվճարել և 1.326.981 հազ. ՀՀ դրամի չափով զուտ շահույթն ուղղել բանկի հեռանկարային զարգացմանը, գլխավոր պահուստին հատկացնել 5%:
 
Ժողովի ավարտին Յունիբանկի ղեկավարությունն իր շնորհակալությունը հայտնեց բաժնետերերին և հաճախորդներին վստահության, Կենտրոնական բանկին, Հայաստանի բանկերի միությանը և Ֆոնդային բորսային` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև բանկի աշխատակիցներին` թիմային աշխատանքի և նվիրվածության  համար:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ